ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծման են ենթարկել ոչ միայն ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:
«Ստեղծված իրավիճակում ԼՂՀ Պաշտպանության բանակը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
Հնարավոր հետևանքների համար ողջ պատասխանատվությունը, ԼՂ ԱԳՆ-ի համոզմամբ, կրում է բացառապես ադրբեջանական կողմը, որը «հերթական անգամ անպատասխանատու և անիմաստ արկածախնդրություն է ձեռնարկել»։
Հայտարարության հեղինակները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչին հրապարակայնորեն ու վճռականորեն դատապարտել Ադրբեջանին՝ իրավիճակի հետևողական սրման, տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման համար։