Գոհար Սարգսյան, Sputnik.
Մեկ ասորական շեյխանա, մեկ էլ հայկական որևէ երաժշտություն կիսաձայն դնդնալով՝ վարպետ Միշան իր արհեստանոցում կյանք է տալիս հերթական դուդուկին: Մի կես ժամ էլ լարում է հայկական ծիրանափողն, ու ահա պատրաստ է այն: Գործն ավարտելուց հետո վարպետ Միշան վայելում է ամենասիրելի պահը՝ փորձում է ստեղծածը:
«Ծիրանենու տարիքը որքան մեծ է, այնքան ավելի գեղեցիկ է ստացվում դուդուկի գույնը՝ մուգ շագանակագույն: Ծիրանենին կտրելուց հետո պետք այն մոտ 6 ամիս չորացնել, բայց՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու»,- ոգևորված իր աշխատանքի նրբությունները ներկայացրեց վարպետ Միշան:
Դուդուկի հնչյունները Միխայիլ Սադոևի ներաշխարհը փոթորկել են դեռ մանկության տարիներին: Երբ փոքրիկ տղա էր, լսում էր՝ ինչպես էր հայրը դուդուկ նվագում՝ շուրջը համախմբելով Արտաշատի Դիմիտրով գյուղի իրենց տան հարևաններին: Ազգությամբ ասորի Սադոևները դար առաջ են հաստատվել Հայաստանում: Արմատներն ամուր պահելու մասին չեն մոռացել, պահպանել են ազգային ավանդույթները: Միաժամանակ այնքան են ձուլվել հայկական մշակույթին, որ ժամանակի ընթացքում իրենք էլ չեն զգացել, թե ինչպես, բայց հայկական մշակույթի քարոզող են դարձել:
«Ես ամենալավ ասորին եմ ու ամենալավ հայը»,-հպարտությամբ ասում է վարպետ Միշան:
Տանը 7 երեխա էին, ու բոլորն էլ ընտրեցին արվեստի ուղին: Իր արհեստանոցն այսօր միջնորմով բաժանված է երկու մասի: Մի հատվածում վարպետ Միշան փողային գործիքներ է պատրաստում, իսկ մյուսում եղբայրը՝ լարային գործիքներ:
«20 տարեկանից դուդուկ եմ պատրաստում: Դե հաշվեք՝ քանի տարի եղավ՝ 48: Լավ դուդուկագործը պետք է զգա գործիքը: Եթե չեղար դուդուկ նվագող, հաստատ այն պատրաստել էլ չես կարողանա»,-հերթական դուդուկը պատրաստելու ընթացքում պատմեց վարպետ Միշան:
Միխայիլ Սադոևի պատրաստած դուդուկի առավելագույն արժեքը 25 հազար դրամ է, իսկ նվազագույնը՝ զրո: Վարպետ Միշան հաճախ է դուդուկ նվիրում:
«Դե տեսեք, մի ջահել երեխա, որ գալիս է ու ասում՝ դուդուկ եմ ուզում, բայց ունեմ 500 դրամ: Ես այդ երեխայի ձեռքից ոնց գումար վերցնեմ: Ասում եմ՝ վերցրու, նվիրում եմ քեզ»,-ժպիտով պամեց դուդուկագործը:
Վարպետը մեծ սիրով դուդուկ է նվիրում նաև այն մարդկանց, որոնց երաժշտությունը լսելով է ժամանակին սովորել նվագել:
««Ուշացած լուսանկար» արձանախմբի բացման օրը ես իմ հեղինակային զուռնան նվիրեցի Ջիվան Գասպարյանին: Զուռնան ունի 8 մատի տեղ, ես մեկն էլ էի ավելացրել: Հիմա այն վարպետի ձեռքում է»,- անթաքույց ուրախությամբ պատմեց Սադոևը:
Մեզ հետ զրույցն ընդհատվեց Սադոևի հեռախոսի զանգով: Սաներից մեկը խնդրում էր իրեն դուդուկի 3 ատրիբուտ տալ: Վարպետը մոռացավ մեր մասին, նորից հագավ աշխատանքային համազգեստն ու անցավ գործի:
Միխայիլ Սադոևը վերջերս է վերադարձել Հնդկաստանից: Նա «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի և գոբելենագործ Անուշ Եղիազարյանի հետ մասնակցում էր Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազգային փառատոնին: Փառատոնի օրերին հայկական տաղավարում պատրաստվել էին հայկական երաժշտական գործիքներ, ձեռագործ ու գոբելենագործ աշխատանքներ:
Որպես անվանի դուդուկագործ վարպետ և դուդուկահար՝ վարպետ Միշան 2014 թվականին նախագահի երախտագիտության մեդալին է արժանացել: