ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի– Sputnik. Ռուսաստանը կարող է ՄԱԿ Անվտանգության խորհրդում հարց բարձրացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին` կապված «Իսլամական պետություն» (արաբերեն` ԴԱԻՇ) ահաբեկչական խմբավորման նավթի մաքսանենգության խնդրի հետ, բայց առայժմ Մոսկվան այդ մասին որոշում չի ընդունել, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։
«Տեսականորեն, իհարկե, դա հնարավոր է։ Բայց մենք ապրում ենք իրական աշխարհում։ Դուք տեսնում եք, որ ՆԱՏՕ–ն պաշտպանել է Թուրքիային մեր խոցված ինքնաթիռի հետ կապված իրավիճակում։ Մյուսները կուլուարներում դատապարտում են Թուրքիային դրա համար, բայց հրապարակավ փորձում են դա չանել։ Ուստի մենք, ելնելով իրողությունից, պետք է կանխատեսենք, թե ինչ կարող է տեղի ունենալ»,– ասել է Չուրկինը։
Նա նաև դրական պատասխան է տվել այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ–ում հարց բարձրացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին։
«Կարող է բարձրացնել։ Ինձ ավելորդ խոսքեր մի վերագրեք։ Մենք բոլորս կարող ենք, ցանկության դեպքում։ Դա արդեն քաղաքական որոշում է։ Որպեսզի այնպես չստացվի, որ ինչ–որ հարց է առաջադրվում, բայց աջակցություն չի ստանում, հարկ է լինում այս հարցում շատ նուրբ մարտավարություն ունենալ»,– հավելել է Չուրկինը։
Անցյալ շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նյութական ապացույցներ է տրամադրել, որ ԻՊ կողմից արդյունահանվող նավթն առաքվում է Թուրքիայի տարածք։ ԱՄՆ–ն հայտարարել է, որ իր տվյալներով` փոքր քանակությամբ նավթ է մտնում Թուրքիա։ ԱՄՆ վարչակազմը խոստովանում է, որ թուրք–սիրիական սահմանի մի շարք շրջաններ չի հաջողվել փակել։