ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի- Sputnik. Աֆրիկյան համասեռամոլները Հռոմի պապի այցի նախաշեմին դիմել են նրան` խնդրելով պաշտպանել իրենց։ Այս մասին գրում է lenta.ru-ն` հղում անելով Ռոյթերսին։
Ուգանդայի համասեռամոլ ակտիվիստները հայտարարել են, թե հույս ունեն, որ Ֆրանցիսկոս պապը «գոնե կբացատրի մարդկանց, որ ոչ ավանդական կողմնորոշումն անեծք չէ»։ «Ուգանդայի սեռական փոքրամասնություններ» հասարակական կազմակերպության տնօրեն Ֆրենք Մուգիշը կարծում է` «եթե Հռոմի պապը սկսի քարոզել համասեռամոլների իրավունքների մասին, ուգանդացիները չեն լսի նրան, բայց եթե նա խոսի իրավունքների, հանդուրժողոկանության և հավասարության մասին, Ուգանդան կլսի նրան»։ Ուգանդայի կառավարության մամուլի քարտուղար Շաբան Բանտարիզի խոսքով` երկրի իշխանությունը «հույս ունի, որ Պապի ասածը չի հակասի ուգանդացիների համոզմունքներին»։
Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի այցի սկիզբը նախատեսված է նոյեմբերի 25-ին։ Նա պատրաստվում է այցելել Քենիա, Ուգանդա, և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն։ Առայժմ հայտնի չէ, թե նա ինչի մասին է խոսելու քարոզների ժամանակ։ Համարվում է, որ Ֆրանցիսկոսը շատ ավելի հանդուրժող է սեռական փոքրամասնությունների հարցում, քան նրա նախորդները, թեև նա բազմաթիվ անգամ հաստատել է, որ կաթոլիկ եկեղեցին չի պատրաստվում իր վերաբերմունքը փոխել համասեռամոլության նկատմամբ. Վատիկանի տեսանկյունից ոչ ավանդական կողմնորոշման փաստը մեղք չէ` ի տարբերություն հոմոսեքսուալ սեռական ակտերի։
Աֆրիկյան երկրների մեծ մասը բացասաբար է վերաբերվում միասեռ ամուսնություններին, համասեռամոլությունն օրենսդրորեն արգելված է 54 երկրում։ Աֆրիկայի միակ երկիրը, որտեղ թույլատրված են այդօրինակ ամուսնությունները, ՀԱՀ-ն է։ Քենիայում և Ուգանդայում համասեռամոլությունը տեսականորեն հետապնդվում է օրենքով, բայց գործնականում ոստիկանությունն աչք է փակում համասեռամոլների առկայության վրա։ Ավելին` Քենիայում ներկա պահին ապրում է 500 ուգանդացի արվամոլ, որոնք հայրենիքից փախել են հետապնդումների պատճառով։