ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի– Sputnik. Չինաստանը պատրաստվում է Տյանցզինում շների, կովերի և ձիերի կլոնավորման խոշորագույն կենտրոն կառուցել, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով China Daily թերթին։
«Մոտավորապես 200 մլն յուանի չափով (30 մլն դոլար) ներդրումներ պահանջող գործարանը կունենա լաբորատորիա, կլոնավորման կենտրոն, գենային բանկ, ինչպես նաև` գիտակրթական ցուցահանդեսային կենտրոն»,– գրում է թերթը` հղում անելով Տյանցզինի Տնտեսական–տեխնոլոգիական գոտու զարգացման վարչության հանձնաժողովին։
Նշվում է, որ հանձնաժողովն արդեն ռազմավարական համաձայնագիր է կնքել Yingke Boya Gene Technology (Tianjin) Ltd–ի հետ, որը Չինաստանում ցողունային բջիջների և կենսաբանական բժշկության ոլորտում առաջատար Boyalife Group Ltd ընկերության դուստր ձեռնարկությունն է։
Կենտրոնի կառուցման նպատակներից մեկն այն է, որ ընտանի կենդանի բուծելու գործընթացը բարելավելու նպատակով հետագայում կլոնավորման տեխնոլոգիաներ կիրառվեն։ Առայժմ չի նշվում, թե նախագիծը երբ կիրագործվի։
Թերթի տվյալով` Yingke Boya Gene Technology (Tianjin) Ltd–ն ավելի վաղ հարավկորեական Sooam Biotech Research Foundation–ի հետ ստեղծել էր շների կլոնավորման ձեռնարկություն։ 2015թ.–ի վերջին տարբեր երկրների համար կլոնավորվել է 550 շուն, որոնք հատուկ առաջադրանքներ են կատարում օդանավակայաններում և մաքսակետերում։