ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Փարիզում այս գիշեր տեղի են ունեցել մի շարք ահաբեկչություններ: Երկրի գլխավոր դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտնել է, որ ահաբեկչությունները տեղի են ունեցել միաժամանակ 6 կետերում, փոխանցում է tert.am-ը:
Նախնական տվյալներով` ահաբեկչություններն իրականացրել են 5 ահաբեկիչներ:
Մոտ 100 մարդ մահացել է Փարիզի «Բատակլան» թատրոնում, որտեղ ահաբեկիչները պատանդ են վերցրել մարդկանց: Մոտ 40 մարդ էլ ահաբեկչության զոհ է դարձել մայրաքաղաքի այլ թաղամասերում, հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով Փարիզի քաղաքապետարանին:
Թատրոնի վրա գրոհի արդյունքում չեզոքացվել է 8 ահաբեկիչ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն արդեն ստանձնել է Փարիզում ահաբեկչական հարձակումների պատասախանատվությունը:
Այնուամենայնիվ, SITE կազմակերպությունը, որը համացանցում իսլամիստների ակտիվության մոնիթորինգ է անցկացնում, հաղորդում է, որ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն դեռ չի ստանձնել Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը:
Փարիզում այս գիշեր իրականացված ահաբեկչությունների հետևանքով ավելի քան 200 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Figaro թերթին:
Աղբյուրի տվյալներով` 215 վիրավորից 83-ը գտնվում է ծանր վիճակում:
Վերջին տվյալների համաձայն` Փարիզում այս գիշեր տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 158 մարդ: Ֆրանսիայում ամբողջ երկրի տարածքում ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում իրականացված մի շարք ահաբեկչություններից հետո հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։
Աղբյուրը հայտնում է, որ պետությունների առաջնորդները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին մասնակցությունը։ Ավելի վաղ Օբաման հայտնել էր, որ ԱՄՆ-ն օգնություն է առաջարկել Ֆրանսիային Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ: