ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և համաքաղաքացիների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտնել է, որ ԵՏՄ երկրների համար միասնական արժույթ ստեղծելու աշխատանքները դժվարությամբ, բայց ընթանում են, և ենթադրել է, որ արժույթը կարող է կոչվել եվրազ:
Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի սկզբին նշել էր, որ ԵՏՄ երկրների՝ միասնական արժույթի անցնելու մասին խոսակցությունները վաղաժամ են: Նա տեղեկացրել էր, որ ԵՏՄ երկրների ԿԲ ղեկավարների նիստում մեկ ամիս առաջ ռուսական և ղազախական կողմերը հայտնել են, որ մինչև 2025 թվականը այդ հարցով չեն զբաղվելու: Ջավադյանը հայտնել է, որ ինքը ԵՏՄ իր գործընկերների հետ քննարկել է այդ հարցը, և իրենք եկել են այն եզրակացության, որ այդ գործընթացը պահանջում է 30-40 տարի:
«Շուտով մենք միասնական հաշվարկային միավոր կունենանք: Այժմ կենտրոնական բանկերը շարունակում են աշխատանքները, սակայն այս գործընթացն ավելի բարդ է, քան թվում էր 2011 թվականին: Միևնույն ժամանակ այդ գործընթացի վրա ազդում է ճգնաժամի գործոնը: Սակայն աշխատանքը տարվում է, և դա անհրաժեշտ է: Այդ իսկ պատճառով վաղ թե ուշ, հավանաբար, այն կհայտնվի, — ասել է Սլուցկին ռուսական առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման ժամանակ: — Անել ամեն ինչ, որպեսզի այդ արժույթը ներդնենք, շատ ու շատ դժվար է»:
Վլադիմիր Պոզների հարցին, թե ինչպես է կոչվելու արժույթը, խոսնակը պատասխանեց. «Տեսնենք: Գուցե` եվրազ: Կխորհրդակցենք»: