ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի– Spuntik. Չինաստանի, Հարավային Կորեայի և Գերմանիայի մի խումբ ցանցահեններ 2013թ.–ին պարբերաբար կոտրել են ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի անձնական փոստի սերվերը, որից նա օգտվել է պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին։
Ասոշիեյթիդ Փրես գործակալության հրապարակած փաստաթղթերը վկայում են, որ 2013թ.–ի հունիսից–հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում փոստային սերվերը պաշտպանող ծրագիր չի ունեցել։
Ինչպես հաղորդում է գործակալությունը, 2014 թ.–ի փետրվարին պաշտպանող ծրագրային ապահովման տեղադրմամբ զբաղվող SECNAP Network Security ընկերությունից ստացված տվյալներով` ԱՄՆ–ից վնասակար ծրագիրը փորձել է հարձակում կատարել Քլինթոնի սերվերի վրա։ Սենատի իրականացրած քննության ընթացքում բացահայտվել է երեք նման գրոհ Չինաստանից և մեկական` Գերմանիայից և Հարավային Կորեայից, որոնք կատարվել են 2013 և 2014թթ.–ին։
Այս պահին պարզ չէ`այդ գրոհները լրտեսության լուրջ սպառնալիք են եղել, թե համատարած բնույթ կրող աննշան գրոհներ են եղել։
Զբաղեցնելով ԱՄՆ–ի պետքարտուղարի պաշտոնը` Քլինթոնը, հակառակվելով վարչակազմի հրահանգներին, երբեմն օգտագործում էր անձնական փոստային սերվերը ծառայողական, այդ թվում գաղտնի նամակագրության համար։
Նամակների մի մասը վերաբերել է 2012թ.–ի սեպտեմբերին Լիբիայի Բենգազի քաղաքում գրանցված ահաբեկչությանը, ինչի հետևանքով մահացել են դեսպան Քրիստոֆեր Սթիվենսն ու ևս երեք ամերիկացիներ։
Այս կապակցությամբ մեծ աղմուկ էր բարձրացել, և ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել էր այդ նամակագրությունը, որը բաղկացած էր տասնյակ հազարավոր նամակներից։ Այս պահին հրապարակվել է այդ նամակների մեծ մասը։
Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, Քլինթոնի սերվերը գրոհի է ենթարկվել շուրջ հինգ անգամ։ 2011թ.–ի օգոստոսին Քլինթոնը վարակ պարունակող նամակ էր ստացել` տեղեկությունը տպելու հրահանգով, ինչը ցանցահեններին թույլ կտար վերահսկողության տակ առնել համակարգիչը։ Գրոհները վերլուծող քննիչները տեղեկացրել են, որ համակարգիչների տվյալները կարող էին ուղարկվել երեք տարբեր սերվերներ, որոնցից մեկը գտնվում էր Ռուսաստանում, սակայն դա չի նշանակում, որ գրոհի հետ կապ ունեն ռուսական ծառայությունները կամ Ռուսաստանի քաղաքացիները։
Սեպտեմբերին Քլինթոնը հրապարակային ելույթ էր ունեցել և ասել, որ իր անձնական սերվերը, որից նա ուղարկել է ծառայողական էլեկտրոնային նամակների մի մասը, գրոհի չի ենթարկվել։ Միաժամանակ Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին հայտարարել է, որ Քլինթոնն ամերիկացիներին չի ասում ողջ ճշմարտությունը, և, ըստ էության, ցանկացած մարդ կարող էր կոտրած լինել նրա սերվերը։
Ցանցահենները կոտրել են Քլինթոնի փոստային սերվերը
11:19 08.10.2015 (Թարմացված է: 17:50 12.10.2015)
© Sputnik / Григорий Сысоев
/ Բաժանորդագրվել
ԶԼՄ–ները նշում են, որ սերվերը մեծածավալ գրոհի է ենթարկվել, որովհետև սերվերում շուրջ երեք ամիս պաշտպանող ծրագիր չի եղել