ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի– Sputnik. ՀԱՊԿ–ի շրջանակում բարձր մակարդակում նախատեսված հանդիպմանը Դուշանբեում նախորդեց արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ խորհրդակցությունը։ Ինչպես հաղորդում է Sputnik–ի թղթակիցը, այս իրադարձությունը նման չէր նախկինում կազմակերպված նմանատիպ միջոցառումներին։
Դուշանբեում առավոտյան ժամը 6–ին ավելի շատ ուսադիրներով մարդ կար, քան քաղաքացիական հագուստով։ Ռուդակի այգում հակառակ իրավիճակն էր։ Սակայն, ամենայն հավանականությամբ, քաղաքացիական հագուստով բազմաթիվ ամրակազմ տղաներ ևս ծառայության մեջ էին
Ինչպե՞ս գնալ գրադարան
Առավոտյան ժամը 6–ին այս հարցը, կարծես, բավականին ակտուալ էր։ Ազգային գրադարանի մոտ հավաքվում էին լրագրողները։ Ավտոբուս մտնելուց առաջ պահպանության աշխատողները մետաղորսիչ սարքերն անցկացնում էին նրանց մարմինների վրայով` ուսումնասիրելով գրպանների և պայուսակների պարունակությունը։
Sputnik–ի թղթակցի ֆլեշ–կրիչը փամփուշտի տեսք ուներ, այն նվեր էր փետրվարի 23–ի կապակցությամբ։
«Կվերցնեն, թե չեն վերցնի», – մտածում էի ես և մտքումս նախատում ինքս ինձ, որ չեմ վերցրել մեկ այլ կրիչ…
Չվերցրեցին։ Պահպանության փորձառու աշխատողներն անգամ ուշադրություն չդարձրեցին` նկատելով համակարգչային բնիկի անցքը։
Sputnik–ի թղթակիցը բոլորի հետ միասին փամփուշտի արագությամբ մտավ ավտոբուս, որտեղ երկու էկրանների վրա Շակիրան երգում էր Աֆրիկայի մասին։
Դեռևս ամեն ինչ շատ ուրախ էր։
Սկյուռիկներ և սիրամարգ
Կառավարական նստավայրի «Կոխի Սոմոն» համալիրը դիմավորեց սառը։ «Ջերմ» ավտոբուսից հետո ամառային զգեստներով աղջիկները սկսեցին միանգամից մրսել պալատային այգու զովությունից։
Պետք է մոտ 600 մետր ոտքով քայլեինք, սակայն աղջիկները միանգամից իրենց համար զբաղմունք գտան, սկսեցին լուսանկարել սկյուռիկներին։ Հեռվում լսվեց սիրամարգի ձայնը, իսկ հետո մենք տեսանք նրան։
Հիմա արդեն բոլորը սկսեցին լուսանկարել սիրամարգին։ Լրագրողներին ոչ ոք չէր վռնդում մարգագետիններից, այդ պատճառով նախարարներին սպասելու ընթացքում նրանք բավականին շատ վազվզեցին սիրամարգի հետևից։
Արագընթաց խորհրդակցություն
Խորհրդակցությունից առաջ կազմակերպիչները նկատեցին, որ ՀԱՊԿ–ի մասնակից պետությունների դրոշների շարքում ՀԱՊԿ–ի դրոշի ամրակի վրայի սրաձողը բացակայում է։ Կազմակերպիչները սկսեցին այն փնտրել։ Պարզվեց, որ այն կորել է ճանապարհի ընթացքում։ Այն անմիջապես ամրացրեցին կպչուն ժապավենի օգնությամբ։
Շուտով շատրվանների սրահում հայտնվեցին խորհրդակցության մասնակիցներն ու կանգնեցին երեք շարքով` դրոշների ֆոնի ներքո։ Առաջին շարքում կանգնեցին արտգործնախարարները, երկրորդ շարքում` պաշտպանության նախարարները, երրորդ շարքում` անվտանգության խորհուրդների քարտուղարները։ Այնուհետև բոլորը տեղափոխվեցին «սպիտակ» սրահ, որտեղ ողջույնի խոսքով հավաքվածներին դիմեց Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովը։
«Մեր հանդիպումը Դուշանբեում անցնում է ոչ ստանդարտ ձևաչափով», – ասել է նախարարը։ «Մենք առաջին անգամ ենք խորհրդակցություն կազմակերպում պետությունների ղեկավարների հանդիպման օրը, այլ ոչ թե նախօրեին, ինչպես տեղի էր ունենում ավելի վաղ։ Այս կապակցությամբ ցանկանում եմ նշել միջոցառման կարևորությունն ու պատասխանատվությունը, որը չպետք է ազդի մեր ղեկավարների աշխատանքային ժամանակացույցի վրա»։
ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի համար հատկացված էր ընդամենը մեկ ժամ, որի ընթացքում պատվիրակությունների ղեկավարները քննարկեցին համագործակցության ամրապնդմանը, խաղաղարար բաղկացուցչին և արտակարգ իրավիճակների դեպքում արձագանքման համակարգին վերաբերող 24 հարց։
Դուշանբեի գագաթնաժողովն անսովոր է սկսվել

© Sputnik / Михаил Климентьев
/ Բաժանորդագրվել
Դուշանբեում առավոտյան ժամը 6–ին ավելի շատ ուսադիրներով մարդ կար, քան քաղաքացիական հագուստով։ Ռուդակի այգում հակառակ իրավիճակն էր։ Սակայն, ամենայն հավանականությամբ, քաղաքացիական հագուստով բազմաթիվ ամրակազմ տղաներ ևս ծառայության մեջ էին