ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Տանկային բիատլոն» միջազգային մրցումներին մասնակցող տեխնիկայի նախապատրաստման ժամանակ ռուսական կողմն անգնահատելի օգնություն է ցուցաբերել բոլոր թիմերին, երեքշաբթի ասել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի օգնական գեներալ– լեյտենանտ Մուրազ Սարգսյանը։
«Ես շնորհակալ եմ բոլոր տեխնիկական աշխատողներին, բոլոր զորահրամանատարներին և, բնականաբար, մրցումները գլխավորող մրցավարներին։ Դեռ պարզ չէ, թե ով կհաղթի «Տանկային բիատլոնին» մասնակցող 13 պետություններից։ Ով լավ է պատրաստել անձնակազմը և տեխնիկան, ով ցույց կտա իր վարպետությունը, նա էլ հաղթող կդառնա»,– ասել է Սարգսյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը հավասարապես լավ է նախապատրաստել բոլոր թիմերի տեխնիկան։ Բացի այդ, ռուս մասնագետներն անգնահատելի օգնություն են ցուցաբերել թիմերին, նրանք նաև ռուսական մարտական մեքենաներ վարելու որոշ հնարքներ են սովորեցրել։
Գեներալը հույս է հայտնել, որ Հայաստանի թիմն իրեն լավագույնս կդրսևորի։ «Կարծում եմ` մեր թիմը պատրաստ է։ Մենք արդեն երրորդ տարին ենք մասնակցում, փորձ ունենք։ Նախորդ տարի զբաղեցրել ենք երկրորդ տեղը։ Հայաստանի պաշտպանության նախարարը մշտապես կապի մեջ է մեզ հետ։ Իմ տեղեկություններով` նա ծրագրում է ժամանել «Տանկային բիատլոնի» եզրափակիչ փուլին»,– ասել է Սարգսյանը։
Պատմության մեջ առաջին անգամ անցկացվող Բանակային միջազգային խաղերը, որոնք կազմակերպել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մեկնարկել են շաբաթ օրը: Մրցումները կտևեն մինչև օգոստոսի 15-ը, խաղերին կմասնակցի ավելի քան 2 հազար մարդ՝ աշխարհի 17 երկրից: Նրանք կմրցեն դաշտային, օդային և ծովային պատրաստվածության 14 մրցումներում: