ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Շաբաթ օրը Ռուսաստանում մեկնարկած Բանակային առաջին միջազգային խաղերը կամրապնդեն տարբեր երկրների զինծառայողների միջև վստահությունը, բացման արարողությանը հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Խաղերին կմասնակցի ավելի քան 2 հազար մարդ՝ աշխարհի 17 երկրից: Բանակային խաղերը մեկնարկել են Ալաբինոյի «Պատրիոտ» այգում անցկացված շքեղ ռազմամարզական տոնակատարությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մարզիկներ, դերասաններ, ՌԴ զինված ուժերի զինծառայողները հանդիսատեսին ցուցադրել են պատմական տարբեր դարաշրջանների տեսարաններ` սկսած Հին Հունաստանից և Հին Ռուսաստանից և ավարտած ՌԴ Զինված ուժերի ժամանակակից պատմությամբ: Ցուցադրվել է «Տանկային բիատլոնի» պարտադիր տարր դարձած «տանկային բալետը»:
Երբ «Տանկային բիատլոն-2014»-ի չեմպիոն ենթասպա Դենիս Ակիշինը բարձրացրել է Բանակային միջազգային խաղերի դրոշը, տոնի օդային հատվածը շարունակել է «Русские витязи» ավիացիոն խումբը:
«Ուրախալի է, որ մարդիկ, զենքը ձեռքներին, ռազմական ահարկու տեխնիկայով հանդիպում են այստեղ` ռուսական հյուրընկալ հողի վրա, որպես ընկերներ, որ մենամարտերի վերջում նրանք միմյանց ձեռք կսեղմեն և կուրախանան մրցակիցների հաղթանակների համար: Վստահ եմ, որ դա մեր երկրների զինված ուժերի միջև վստահությունն ամրապնդելու լավագույն տարբերակն է»,- ասել է Շոյգուն, հատուկ նշելով, որ այսպիսի մասշտաբի առաջին բանակային խաղերն անցկացվում են Մեծ հաղթանակի 70-ամյա հոբելյանի տարում:
«Երկու շաբաթ շարունակ մենք կհետևենք տանկիստների, օդաչուների, դեսանտայինների, ծովային հետևակայինների, հրետանավորների, հետախույզների և այլ մասնագիտացումների զինծառայողների լարված պայքարին»,- ասել է նախարարը:
Բանակային միջազգային խաղերը կձգվեն Նովոսիբիրսկից մինչև Կասպիյսկ: Ուղիղ մեկ տարի առաջ այստեղ կայացել են «Տանկային բիատլոնի» և «Ավիադարտսի» միջազգային մրցումները: «Կարծում եմ` ձեզնից շատերը հիշում են այն մարզական ոգին, այն կրքերի լարումը, երկրպագուների այն ծափահարությունները, որոնք խլացնում էին հզոր շարժիչների գոռոցը երկնքում և ցամաքում»,- ավելացրել է ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարը:
Խաղերը կանցկացվեն Սիբիրից մինչև Կրասնոդարի երկրամաս ձգվող 11 զորավարժարաններում: ՌԴ պաշտպանության նախարարությունում ընդգծում են, որ Խաղերն ուղղված են ռուսական բանակի մարտունակության բարձրացմանը:
Շոյգու. Բանակային խաղերը կամրապնդեն տարբեր երկրների զինծառայողների միջև վստահությունը
© Photo : press office of the SMDРоссийские военные танки, БТР
© Photo : press office of the SMD
Բաժանորդագրվել
Խաղերին կմասնակցի ավելի քան 2 հազար մարդ՝ աշխարհի 17 երկրից