Լեգենդար հետախույզ Կանդազը դադարեցրել է հացադուլը. ԶԼՄ

Հայտնի հետախույզը հացադուլը դադարեցրել է Սամվել Կարապետյանի հորդորով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը` Կանդազը, դադարեցրել է հացադուլը։ Այս մասին հայտնում է ArmԼur.am-ը` հղում անելով փաստաբան Արմեն Ֆերոյանին։
Ավանեսյանը հացադուլ էր հայտարարել ապրիլի 29-ից։

«Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հորդորով դադարեցրել է հացադուլը»,– ասել է փաստաբանը։

Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ապրիլի 27-ին բերման ենթարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը վերջերս միացել է Սամվել Կարապետյանի թիմին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է, ըստ պաշտոնական հաղորդագրության, ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու կասկածանքով։ Ապրիլի 28–ին Արթուր Ավանեսյանը կալանավորվեց 2 ամսով։
Ավանեսյանը գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ–ում։ Ավանեսյանի կալանքի վերաբերյալ բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան։