ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցությանը թույլ չտվեցին երթով Երևանի քաղաքապետարանից մոտից շարժվել դեպի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։
Նշենք, որ ՄՀՀ-ում այսօր ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը։ Դրան զուգահեռ համալիրի մոտ տարբեր բողոքի ակցիաներ են իրականացվում։ «Հայաստան» դաշինքը Մերգելյան այգու մոտից երթով շարժվեց դեպի մարզահամերգային համալիր՝ կոչ անելով ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին և Բաքվի հայ գերիներին։ ՀՀԿ-ն նույնպես քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով հավաք էր իրականացնում քաղաքապետարանի դիմաց։
Հավաքի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մոտեցած ոստիկանները պնդեցին՝ երթով չեն կարող շարժվել դեպի ՄՀՀ, ինչին ի պատասխան քաղաքական գործիչը հետաքրքրվեց, թե ինչ հիմքով է այդ արգելքը։
Ոստիկանության ծառայողները հայտարարեցին, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ զրուցել են ու ասել, որ չեն կարող երթ իրականացնել։
«Դուք խոսել եք հեռախոսով Մամիջանյանի հետ, բայց դա բանավոր է եղել։ Հայտարարությունում նման կետ չկա, լրացուցիչ իրազեկում հնարավոր փոփոխության վերաբերյալ չկա։ Այս պահին մեքենաներն այս հատվածով սլանում են, եթե մեքենաներով թույլատրվում է, այդպես կշարժվենք, թե՞ հիմա էլ մեքենաների երթևեկությունն եք փակելու»,- ասաց Աշոտյանը։
Նա հավաքի ընթացքում նաև մի ակվարիում վեր բարձրացրեց, որտեղ փոքր գունավոր ձկներ էին։ Նշեց՝ սա է ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների վիզուալ պատկերումը։ Պնդեց՝ ակվարիումը խորհրդանշում է մարզահամերգային համալիրը՝ այնտեղ հավաքված եվրոպացի հյուրերով։
«Ակվարիումի նման ԵՄ պաշտոնյաներին մեկուսացրել են իրական խնդիրներից, իրական ժողովրդից։ Ակվարիումում «ջան-ջիգյար» են անում, որպեսզի նրանք լինեն արհեստական միջավայրում, որտեղ չկա հայ, հայկականություն, քաղբանտարկյալներ, ցավ, ինչպես նաև Արցախ»,- ասաց Աշոտյանը։
Նրա խոսքով՝ իրենք ցանկանում էին եվրոպացի գործընկերներին հանել այդ ակվարիումից, որպեսզի վերջինները լսեն ՀՀ-ում տեղի ունեցող իրական պատկերի մասին։
Աշոտյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն պատրաստվում է մայիսի 5-ին նույնպես ապակենտրոն ակցիաներ իրականացնել՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի, ինչպես նաև «Երևանյան երկխոսության» առիթով։ Վերջին միջոցառումն Աշոտյանը «թիթիզություն» անվանեց։
Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մայիսի 5-ին նախատեսված է Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը։
Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: