«Բարի գալուստ ժողովրդավարության հոգեհանգստին»․ արցախցիները բողոքի ցույց են անում Երևանում

Ցուցարարները պնդում են՝ Հայաստանը խախտում է ԵՄ-ի ընդունած մարդու իրավունքների քաղաքականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Արցախցիներն ու ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մեկնարկից առաջ բողոքի ակցիա են անում Կիևյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ։
«Բարի գալուստ ժողովրդավարության հոգեհանգստին», «Ձեր լռությունը տաճարներ է քանդում», «Արցախը Հայաստան է», «ԵՄ-ին՝ այո՛, Փաշինյանին՝ ո՛չ», «Վերադարձրեք 19 քրիստոնյա հայերին», «ազատություն հայ գերիներին» հայերեն և անգլերեն գրառումներով պաստառներ են պահում իրենց ձեռքերում։
Բողոքի ցույց Երևանում
«Ձեր ընդունած մարդու իրավունքների քաղաքականությունը Հայաստանը խախտում է։ Վե՛րջ տվեք նրան (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. խմբ․) հովանավորելուն, որպեսզի կարողանա մեր դեմ ավելի զորեղ ու զինված պայքարել։ Մենք պայքարում ենք մեր իրավունքների համար, ուզում ենք Հայաստանում ապրել արժանապատիվ և վերադառնալ Արցախ»,- դիմելով եվրոպացի պաշտոնյաներին՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
1 / 3

Բողոքի ցույց Երևանում

2 / 3

Բողոքի ցույց Երևանում

3 / 3

Բողոքի ցույց Երևանում

Արցախցիները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Բաքվում դեռևս հայ գերիներ կան։ Նրանք պահանջում են, որ ԵՄ անդամ պետությունների ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն անգլերենով դիմեց ԵՄ պաշտոնյաներին և ընդգծեց՝ հայկական հյուրասիրության, ջերմ ընդունելության, ինչպես նաև ժպիտների և ձեռքսեղմումների հետևում նրանք չեն տեսնում այն ցավը, որ զգում է հայ ժողովուրդը։
«Դուք չեք տեսնում դա, քանի որ ՀՀ ներկայիս իշխանությունը չի արտացոլում հայ ժողովրդի զգացմունքները, ապրումներն ու ցավը։ Դուք պետք է իմանաք, որ Բաքվում պահվող հայ գերիներն ուղղակի բանտարկված են իրենց ազգության համար, նրանց միակ «հանցանքը» հայ լինելն է։ Մի փակեք ձեր աչքերը, մի փակեք ձեր ականջները։ Հայ ազգը սա է պահանջում ամբողջ աշխարհից»,- ասաց Թանդիլյանը։
Բողոքի ցույցին մասնակցում են նաև մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Ապրելու երկիր» կուսակցության և «Միասնության թևեր» նախաձեռնության։
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրեց արցախցիների վերադարձի հետ կապված իրավիճակն ու իրենց պահանջները։ Բեգլարյանը նշեց, որ ԵՄ պաշտոնյաները պետք է առաջին հերթին իմանան, թե Արցախի ժողովրդի հանդեպ ինչ հանցագործություններ են եղել, ինչից հետո միայն կարելի է խոսել վերադարձի մասին, որպեսզի երաշխավորվի նոր հանցագործությունների կանխումը։ Արցախի նախկին պետնախարարը շեշտեց՝ ԵՄ առաջնորդները և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները գիտեն, որ արցախցիների նկատմամբ զանգվածային ոճրագործություններ են եղել։
«ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի հրամանում էլ նշվում է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը՝ բխելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 40 երկրի համատեղ հայտարարությունից։ Եվրոպական դատարանի Այդ փաստաթղթում ոչ միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական անդամ երկրների, այլև ԵՄ մի շարք երկրների ստորագրություններ։ Այդ փաստաթղթերով բոլորն արձանագրել են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչները պետք է արժանապատիվ, անվտանգ, կամավոր, անխոչընդոտ և անհապաղ վերադարձի հնարավորություն ունենան։ 2,5 տարի է` արցախցիները ցանկանում են կամավոր վերադառնալ իրենց հայրենիք միջազգային երաշխիքների ներքո, սակայն ոչ ոք դրանք չի ապահովում»,- ասաց Բեգլարյանը։
Հիշեցնենք` Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առաջին անգամ Հայաստան է այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։