ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ծիծեռնակաբերդի խճուղում «Վերածնունդ» թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով անվտանգությունից։ Նրանք որոշ ժամանակով փակել էին ճանապարհի մի հատվածը՝ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով իրենց խնդրի վրա։
«Շենքի մոտ կա կանգառ, բայց դիմացի մայթին չկա։ Ստացվում է, որ Կենտրոն վարչական շրջան կարողանում են գնալ, բայց այնտեղից վերադառնալ՝ ոչ։ Այստեղ չկան նաև գծանշաններ, անվտանգությունն էլ ապահովված չէ։ Մի քանի անգամ համատիրության գլխավորությամբ բնակիչներով դիմել ենք քաղաքապետարան։ Այնտեղից անբովանդակ պատասխան ենք ստացել, թե այս պահին նպատակահարմար չէ աշխատանքներ իրականացնել կամ էլ մինչև սեպտեմբերի 1-ը կանեն։ Քաղաքապետը այդ «սեպտեմբերի 1-ի» մասին խոսել է 2 տարի առաջվանից»,- ասաց բնակիչներից մեկը։
Նա շեշտեց՝ ո՛չ Ծիծեռնակաբերդի խճուղում, ո՛չ Մոնթե Մելքոնյան կամ Քըրք Քըրքորյան (նախկինում՝ Լենինգրադյան) փողոցներում գծանշաններ ու նորմալ տրանսպորտ չկա։
Մեկ այլ բնակիչ էլ ընդգծեց՝ յուրաքանչյուր զարգացած երկրում, երբ նոր թաղամաս է կառուցվում, զուգահեռ նաև մետրոյի կայարան է կառուցվում։ Դժգոհեց՝ իրենց թաղամասում, որտեղ 4000 բնակիչ է ապրում, զրկված են անվտանգ և հարմարավետ տեղաշարժվելու հիմնարար իրավունքից։
«Մեզ համար էլ հաճելի չէ ճանապարհ փակելը, բայց ստիպված դիմում ենք այս քայլին։ Խնդրին արագ լուծում չտալու դեպքում հաջորդ անգամ ավելի երկար ենք փակելու փողոցը։ Իմ երեխաները «Ֆիզմաթ» դպրոցում են սովորում ու ամեն օր վտանգավոր ճանապարհով գնում և գալիս են։ Մենք փողոցը փակել էինք, երեխաներին կավիճներ տվել, նրանք էլ գծանշումներ էին անում։ Խաղաղ ակցիա ենք անում։ Չգիտեմ` հաջորդ անգամ ինչ ենք անելու, բայց սա քմահաճույք չէ, այլ մեր ու մեր երեխաների անվտանգության հարցը»,- ասաց մյուս բնակչուհին։
Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականի օգոստոսին «Վերածնունդ» թաղամասի բնակիչները նմանատիպ ակցիա էին իրականացրել։ Այդ ժամանակ էլ նրանք պահանջում էին թաղամասին հարող հատվածներում անցումներ կառուցել։
2024 թվականի ամռանը տեղի ունեցած ակցիայից առաջ՝ մայիսին,Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվել էր, որ թաղամասում կառուցապատող ընկերությունը խախտումներ է թույլ տվել։ Այսինքն՝ քաղաքապետարանի տված շինթույլտվության կետերը խախտվել են՝ կատարելով նախագծում բացակայող կոնստրուկցիաների շինարարություն։ Տիգրան Ավինյանն էլ հայտարարել էր, որ դա հանցագործության տարրեր պարունակող հարց է ու ընդգծել էր, որ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում ու ինչ է պետք անել։
Հավելենք, որ «Վերածնունդ» թաղամասի կառուցապատմամբ զբաղվել է ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ն։