ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Աշխատանքի և աշխատավորների օրվա առթիվ Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Մայիսի 1-ին Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում նախատեսվում է տոնական շքերթ և համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան: Ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ 14:00–ից Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ։ Այդ ընթացքում նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք»,- ասված է հաղորդագրությունում։
Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ ապրիլի 30-ի կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար: