ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ադրբեջանով Հայաստան կուղարկվեն ռուսական հացահատիկի և պարարտանյութի նոր խմբաքանակներ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
«Ադրբեջանի տարածքով այսօր Հայաստան է ուղարկվելու հացահատիկ և պարարտանյութ»,- նշում են լրատվամիջոցները։
Ավելի ուշ Ադրբեջանի երկաթուղիներից ՌԻԱ Նովոստիին հայտնել են ռուսական հացահատիկի չափը` 279 տոննա:
Հիշեցնենք` ապրիլի 24-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հայաստան կգա 5 վագոն բեռ` ընդհանուր 350 տ քաշով։ Հացահատիկն ու պարարտանյութն ուղարկվում են Ռուսաստանից։
Նշենք, որ Հայաստանը հինգ ամսում Ադրբեջանի և Վրաստանի տարածքով 23,5 հազար տոննա հացահատիկ է ներկրել երկաթուղով։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։ Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։