ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Նոր տարածաշրջանների բնակիչներին կփորձեն խանգարել մասնակցել Պետդումայի ընտրություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ռուսաստանում սպասվող ընտրությունների անվտանգության ապահովման հարցերով խորհրդակցության ժամանակ։
9-րդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի ընտրությունների միասնական օրը (ЕДГ-2026), քվեարկության սպասվող ամսաթիվը 2026 թվականի սեպտեմբերի 20-ն է։ Ռուսաստանի ԿԸՀ-ի նախագահ Էլլա Պամֆիլովան նշել էր, որ դաշնային ընտրությունների նշանակման մասին ՌԴ նախագահի հրամանագիրը սպասվում է հունիսին։
«Նրանք, ովքեր մերժում են Դոնբասի և Նոր Ռուսաստանի՝ իրենց հայրենիքի մասը, Ռուսաստանի մասը լինելու պատմական իրավունքը, իհարկե, ինչպես և նախկինում, կփորձեն խանգարել նրանց։ Հիշեցնեմ, որ այնտեղ՝ Ուկրաինայում, նրանք ընտրություններ չեն անցկացնում ռազմական դրության պատրվակով։ Դե, փորձում են նաև մեզ խանգարել»,-ասել է ՌԴ առաջնորդը։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի պաշտպանի նոր տարածաշրջանների բնակիչների ազատ ընտրությունը սեպտեմբերին կայանալիք ընտրություններում։
ՌԴ նախագահի խոսքով՝ Կիևի ռեժիմն ու նրա հովանավորներն անցել են ահաբեկչության, քանի որ ի վիճակի չեն կանգնեցնել ռուսական զորքերին, սակայն հակառակորդն ի վիճակի չէ կանգնեցնել առաջխաղացումը մարտական շփման գծում։
«Ամեն օր (Կիևը– խմբ․) որոշակի տարածքներ է կորցնում։ Ամեն օր։ Այստեղից էլ խաղադրույքը ահաբեկչության վրա՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ։ Հույս ունեն, որ դա կարող է որևէ բան փոխել։ Դա ոչինչ չի փոխի»,-ասել է Պուտինը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։