ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. ԼԺՀ Բուլգակովկա գյուղում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել են երկու երիտասարդ տղա և մի աղջիկ, ևս երեքը վիրավորվել են, հայտնել է հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:
«Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են խաղաղ բնակիչների նկատմամբ ահաբեկչությունը։ Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան Կրեմենի մունիցիպալ շրջանի Բուլգակովկա գյուղում։ Հակառակորդի ԱԹՍ-ն նշանառության տակ է առել երիտասարդներին, որոնք գտնվել են փողոցում՝ տան մոտ։ Ստացված վնասվածքներից տեղում մահացել են երկու տասնութ տարեկան տղաներ և 28-ամյա մի աղջիկ»,- գրել է Պասեչնիկը Telegram-ալիքում։
Հանրապետության ղեկավարը հավելել է, որ վնասվածքներ են ստացել 15-ամյա տղա և աղջիկ, ինչպես նաև 21-ամյա մի տղա: Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։