Փնտրվում է պատասխանատու. ո՞վ է հսկում Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը

Թունաքիմիկատների գերեզմանոցում կա մոտ 1000 տոննա վտանգավոր թափոն, որը թաղված է սողանքային գոտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանի պատկան մարմինները չեն կարողանում կողմնորոշվել, թե ով պետք է վերահսկի Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի անվտանգությունը։
Տարիներ առաջ Sputnik Արմենիան գրել էր, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանատունը ստեղծվել է, երբ 1970-ականներին Հայաստանում արգելվել է վտանգավոր քլորօրգանական պեստիցիդների օգտագործումը։ 1980-ականների սկզբին դրանք թաղելու համար Հայաստանում հատուկ տարածք առանձնացվեց, որը, ինչպես պարզվեց, սողանքային գոտում էր գտնվում։
Գերեզմանոցի հետ կապված ներկայիս իրավիճակը պարզաբանելու համար Sputnik Արմենիան 4 հարց է ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին.
1) Անվտանգության տեսանկյունից ի՞նչ վիճակում է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը: 2) Որևէ արտահոսք եղե՞լ է, վնաս հասցվե՞լ է (կամ կա վտանգ) մոտակա հողատարածքներին, ջրերի աղբյուրներին և այլն (օրինակ` ցորենի վայրի տեսակներով արգելոցին): 3) Վերջին անգամ ե՞րբ է ստուգում իրականացվել այնտեղ: 4) Ի՞նչ ծրագրեր կան այդ թափոնների ոչնչացման մասով այս պահին:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատասխանել է միայն երրորդ հարցին.
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում ստուգում չի իրականացվել», - հայտնել է տեսչական մարմինը։
Մյուս հարցերը տեսչական մարմինը վերահասցեագրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանին, Մաթևոսյանը` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, սակայն նա ևս մեր հարցերին չի պատասխանել։

«Պահանջվող տեղեկատվությունը ՀՀ ՏԿԵ նախարարության լիազորությունների շրջանակից դուրս է»,–պատասխանել են ՏԿԵՆ–ից։

Նշենք, որ գերեզմանոցում վտանգավոր թափոնների ընդհանուր ծավալը մոտ 1000 տոննա է, որից 600 տոննան, արխիվային տվյալների համաձայն, քիմիական նյութերն են (պեստիցիդները), որոնք հավաքվել են գյուղերից։
Գերեզմանոցից ընդամենը 100-150 մետր այն կողմ «Էրեբունի» արգելոցն է, որտեղ վայրի ցորեն է աճում։
Նուբարաշենի աղբավայրում արգելափակոցներ կան, տեսախցիկներ՝ դեռ ոչ․ ինչ աշխատանք է արվել