Ես որևէ հույս չեմ կարող ունենալ. Թանդիլյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի մասին

Թանդիլյանն անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի ՄԻՊ–երին Ռուբեն Վարդանյանի ուղերձին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանը հույս չունի, որ հունիսի 7–ի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ և հետո Բաքվում գերի պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերադարձ կլինի։ Այդ մասին նա այսօր ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ճեպազրույցի ժամանակ։
«Տարբեր սցենարներ են հնարավոր. ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից. եթե իշխանափոխություն լինի, ապա նոր միայն կարող ենք խոսել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասին։ Ես վստահ եմ, որ այս իշխանություններն ուղիղ շահառու են նրանց այնտեղ պահելու, հետևաբար, ոչ, որևէ հույս ես չեմ կարող ունենալ»,– ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է մինչ ընտրությունները մյուս գերիների վերադարձին, ապա Թանդիլյանը չի բացառում, որ նման սցենար լինի։

«Դա կարող է այլ հանգամանքներով պայմանավորված լինի, սակայն ոչ զուտ այդ մարդկանց մարդասիրական տեսանկյունից ընտանիք վերադարձնելու համար։ Դա կարող է լինել նախընտրական ինչ–որ քայլ` այս իշխանություններին Ադրբեջանի կողմից աջակցելու համար»,– վստահ է նա։

Թանդիլյանն անդրադարձավ նաև գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, ինչպես նաև Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ հանդիպմանը։
«Վարդանյանը փորձում է աշխատացնել մարդասիրական վերջին օղակներին, որը, ցավոք սրտի, չի ստացվում, քանի որ, գիտենք` ՀՀ–ում էլ, Ադրբեջանում էլ ՄԻՊ չկա։ Սա ցույց է տալիս, թե ինչ ծանրագույն վիճակում են գտնվում հայ գերիները Բաքվում, և անհրաժեշտ է օր առաջ նրանց վերադարձնել»,– ընդգծեց «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահը։
Թանդիլյանի կարծիքով` այսօրվա օմբուդսմենը` Անահիտ Մանասյանը, վատագույն ՄԻՊ–ն է անկախ Հայաստանի պատմության մեջ։
«Այն, թե ինչպես է նա ծառայում այսօրվա իշխանություններին, դա ուղղակի աղերս չունի ՄԻՊ լինելու հետ. նա չի հասկանում, որ մարդու իրավունքը հենց պետք է պաշտպանել ինչպես սեփական, այլև այլ պետություններից»,– նշեց նա։
Թանդիլյանը համոզված է` այսօրվա ՄԻՊ–ն անկախ կառույց չէ և Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք` առանց նրա թելադրանքի, ոչինչ տեղի ունենալ չի կարող։
Հիշեցնենք` 2023 թվականի սեպտեմբերի 27–ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից, որից 24 ժամ հետո կալանավորվեց։ 2026-ի փետրվարի 17-ին ավարտվեց նրա «գործի» քննությունը, որն անցկացվում էր առանձնացված վարույթով։ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:
Մինչ այդ` փետրվարի 5–ին, հրապարակվել էին Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։