ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ադրբեջանին առաջարկված ռազմավարական գործարքը մի առաջարկ է, որ պետք է ուղղակի իրագործվի ու իրագործվելու է։ ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Փաշինյանն ապրիլի 20-ին պարզաբանեց Ադրբեջանին առաջարկված ռազմավարական գործարքի էությունը, որի մասին առաջին անգամ խոսել էր 2024 թվականի նոյեմբերին: Նրա խոսքով` սահմանագծում, սահմանազատում անելուց հետո հանգիստ են թողնում միմյանց, չեն փորփրում, թե ով որտեղ է ապրել, ով ինչ է ունեցել, ընդհանրապես փակում են թեման։ Sputnik Արմենիան հետաքրքրվեց, թե ինչ արձագանք է ստացել Փաշինյանը Ադրբեջանից, կամ եթե չկա արձագանք, ապա ինչ է ակնկալում նա` հաշվի առնելով նաև այն, որ մի քանի օր առաջ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» վերտառությամբ ցուցահանդես է բացվել։
Ի պատասխան վարչապետը հայտարարեց` ՀՀ–ում ինչքան խոսվում է Ղարաբաղը վերադարձնելու մասին, այնքան Ադրբեջանում այդ խոսույթը լինելու է և հակառակը։
«Ես կարծում եմ որ դա մի առաջարկ է, որ պետք է ուղղակի իրագործվի ու իրագործվելու է։ Ինձ պետք չէ արձագանք Ադրբեջանից. երբ ճիշտ բանաձևը ճիշտ տեղում դնում ու ճիշտ ձևով օգտագործում ես, ինքը սկսում է աշխատել։ Խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը դրա արձագանքն է, սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, հաստատված խաղաղությունը դրա արձագանքն են»,– հայտարարեց նա։
Փաշինյանը նշեց, որ ինքը Ադրբեջանի անունից չի կարող խոսել, այլ միայն կարող է ասել, որ բավականին երկար ժամանակ ռազմավարական մեր պատկերացումները գետնի վրա, իրականության մեջ տալիս են արդյունք։