Հայաստանի ֆուտզալի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. Նազարեթյանն այլ պաշտոն է ստացել

Հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել իսպանացի մասնագետի գլխավորությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Անտոնիո Ֆերնանդեսը, որը ազգային թիմում աշխատում էր տևական ժամանակ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է ֆուտզալի ազգային հավաքականի փոփոխությունները:
Նախկին գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն այսուհետ կզբաղեցնի ՀՖՖ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը:
Ֆերնանդեսի գլխավորությամբ մեր հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը, որը կշարունակվի մինչև ապրիլի 25-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտզալի հավաքականը պատմության ընթացքում առաջին անգամ այս տարի մասնակցեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։ Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված խմբային փուլի հանդիպումներում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Ուկրաինային, 5:4 հաշվով՝ Չեխիային, 3:3 հաշվով ավարտեց Լիտվայի հետ հանդիպումը։ Քառորդ եզրափակիչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 0:3 հաշվով պարտվեց խորվաթներին և դուրս մնաց պայքարից: