Իրանի խորհրդարանը Հորմուզի նեղուցից ստացվող եկամուտները գնահատում է 10–15 մլրդ դոլար. ԶԼՄ

Իրանցի պատգամավորի խոսքով` օրինագիծը նպատակ ունի նաև ամրապնդել իրանական ազգային արժույթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Իրանի խորհրդարանը Հորմուզի նեղուցի «կառավարումից» երկրի ստացած եկամուտները գնահատում է 10-15 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի օրենսդիր մարմնի նախագահության անդամին:

«Հորմուզի նեղուցում ծովային երթևեկության կառավարումից և կարգավորումից ստացվող ընթացիկ եկամուտները գնահատվում են 10-15 միլիարդ դոլար»–հայտնել է պատգամավորը, որի խոսքերը մեջբերված են գործակալության Telegram-ալիքում:

Գործակալությունը նշում է, որ նա մեկնաբանում էր Հորմուզի նեղուցի կառավարման մասին իրանական օրինագծի մանրամասները, որը նախատեսում է նեղուցում նավագնացության համար տուրքերի գանձում:
Նրա խոսքով՝ օրինագիծը նպատակ ունի նաև ամրապնդել իրանական ազգային արժույթը՝ ռիալը, որով օտարերկրյա նավերը երկու եղանակով պետք է վճարեն Հորմուզի նեղուցով անցնելու համար․ կա՛մ Իրանում «սեփական գրասենյակների» միջոցով, կա՛մ օգտվելով իրանական բանկային համակարգից։
Հիշեցնենք` Իրանը և ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ՌԾՈւ-ին հետևել և կանգնեցնել բոլոր այն նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին: