ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայաստանում ընդդիմադիր ուժերը պետք է մեկտեղեն իրենց ջանքերը օրվա իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` նշելով, որ որպես լուծում «Հայաստան» դաշինքն առաջարկում է ընդդիմադիր ուժերի միասնական հանրահավաք անցկացնել։
«Հայաստանում գոյություն ունի ավտորիտար ռեժիմ, որն իր իշխանությունը պահելու և վերարտադրություն ապահովելու համար ամեն օր ապացուցում է, որ պատրաստ է ցանկացած քայլի, ցանկացած ապօրինություն։ Մեր պատկերացրած լուծումը հետևյալն է` ընդդիմադիրները պետք է մեկտեղեն ուժերը և կենսական հարցերի շուրջ համագործակցեն։ Մենք մտածում ենք, որ կարելի է ընդդիմության միասնական հանրահավաք անել, հնչեցնել այդ հակազդեցություն դրսևորելու մեխանիզմները և ձևերը»,–ասաց նա։
Սաղաթելյանի խոսքով` քաղաքական ուժերի հետ ընդհանուր առմամբ կա փոխըմբռնում։ Նա ընդգծեց, որ իրենց խմբակցության առաջարկած լուծումը դա է։
Քաղաքական գործիչը վստահ է, որ շատ ընդդիմադիր ուժեր ընկել են Նիկոլ Փաշինյանի լարած թակարդը և չհամագործակցելու մասին պարբերաբար հայտարարություններ են անում, մինչդեռ այսօր միայն քաղաքական ուժերի միասնությունը կարող է կանխել իշխանության վերարտադրությունը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ապրիլի 4–ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միաձայն ընտրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի իր թեկնածուին` Նիկոլ Փաշինյանին։