ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ամեն ուժ վարչապետի պաշտոնում տեսնում է իր թեկնածուին, իսկ թե ով կլինի երկրի ղեկավար՝ որոշում է ժողովուրդը, ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր, նախընտրական շրջանում ԶԼՄ-ների հետ աշխատանքները համակարգող Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով հնարավոր համագործակցության հնարավորության և վարչապետի ընտրության շուրջ քաղաքական ուժերի վերջին հայտարարություններին։
Ապրիլի 9-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում պաշտպանել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, նույնիսկ եթե դրանից կախված լինի իշխանափոխությունը։
«Նախընտրական շրջանը դիրքավորման շրջան է, հավանաբար նման հայտարարությունների պատճառը շատերի մոտ առկա ինքնավստահության պակասն է։ Բնական է, որ ամեն ուժ վարչապետի պաշտոնում տեսնում է իր թեկնածուին, իսկ թե ով կլինի երկրի ղեկավար՝ որոշում է ժողովուրդը»,-գրել է Խամոյանը։
Նա շեշտել է՝ եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության:
«Եթե որևէ ուժ հայտարարում է, որ անգամ եթե իրենից կախված լինի փոփոխությունը, նա չի գնալու այդ համագործակցությանը, ապա ուղիղ հայտարարում է, որ խոչընդոտելու է իշխանափոխությանը։ Հետևաբար լավ կլինի՝ այդ ուժերն իրենք բացատրեն՝ ինչ են անելու, երբ կոնկրետ իրենց ձայնից կախված լինի իշխանափոխությունը»,-նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք՝ խորհրդարանական հերթական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան հունիսի 7-ին:
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին կմասնակցեն միասին, սակայն ավելի ուշ՝ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նրանք որոշել են դադարեցնել համագործակցությունը։
Մարտի 30–ին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։