ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Շիրակի մարզում Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառության ապարատին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 12։00–ի սահմաներում Շիրակի մարզում` Արմավիր-Գյումրի ճանապարհին, բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Վթարի հետևանքով 6 մարդ է մահացել, որոնցից 2-ը երեխաներ են։ Եվս 5 մարդ հոսպիտալացվել է։
Ծատրյանի խոսքով` վթարից տուժած 8-ամյա աղջկա առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Բոլորը վերակենդանացման բաժանմունքում են:
Երեխաների մոր՝ 28-ամյա կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է: Նա տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
Ավելի վաղ shamshyan.com–ը հայտնել էր, որ «BMW»-ն վարել է 35-ամյա Կառլեն Ա.-ն, իսկ «Opel»-ը` 30-ամյա Էլամիր Խ.-ն։ Վթարի հետևանքով մահացել են «BMW»-ի ուղևոր 64-ամյա Լիա Հ.-ն, «Opel»-ի վարորդ Էլամիր Խ.-ն և 8 ուղևորներից 4-ը՝ 56 տարեկան Լեյլի Խ.-ն, 20 տարեկան Արման Տ.-ն, 5 տարեկան Ռուզաննա Խ.-ն և 1 տարեկան Միհրան Խ.-ն։
«BMW»-ի վարորդ Կառլեն Ա.-ն և «Opel»-ի մյուս ուղևորները՝ 27-ամյա Մարիամ Թ.-ն, 8 տարեկան Լեյլի Խ.-ն, 3 տարեկան Տիգրան Խ.-ն և 1 տարեկան Դավիթ Խ.-ն, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։