Հուսանք արագ կքննեն․ 18-ամյա կալանավորված Դավիթի գործով բողոքը վարույթ է ընդունվել

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպը. Արխիվային լուսանկար
Փաստաբանները հույս ունեն, որ բողոքը շտապ կարգով կքննվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով փաստաբանների բողոքը, որով բողոքարկում են նրան 2 ամսով կալանավորելու` Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Բողոքը մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին։ Դատարանն իրավունք ունի 10-օրյա ժամկետում քննել բողոքը, բայց ակնկալում ենք, որ ամեն դեպքում, շտապ կարգով կքննի՝ հաշվի առնելով Դավիթի առողջական վիճակը»,- նշեց Մարտիրոսյանը։
Փաստաբանն առավոտյան այցելել է Դավիթին, նա թույլ է զգում իրեն։ Հիվանդանոցում հատուկ սննդակարգով է սնվում, տնից ուղարկված հանձնուքներն էլ տանում են «Աբովյան» ՔԿՀ, ստուգվում են, այնուհետև բերվում հիվանդանոց։ Ծնողներին էլ թույլ չեն տալիս տեսակցել, տոտալ սահմանափակումներ են դրված։
Նշենք, որ ապրիլի 1-ին 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի փաստաբանները Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել։ Միջնորդել էին խափանման միջոցը վերացնելու համար, բայց նաև դիմել էին այլընտրանքային խափանման միջոցի համար։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին 2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դավիթի առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բշժկական կենտրոն, որտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։