Հայտնի է, թե «Ուժեղ Հայաստանը» որ երկու ուժերի հետ է դաշինքի ստեղծել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ
Նարեկ Կարապետյանը շեշտեց, որ հասարակության տարբեր շերտերի հետ շփման արդյունքում կրկին գալիս են այն եզրահանգման, որ ներկա իշխանություններին այլընտրանք կարող է լինել միայն իրենց ստեղծած քաղաքական ուժը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։
Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը տեսաուղերձ էր հրապարակել և նշել, որ կուսակցությունն իր դռները բացում է բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը, ստեղծել ուժեղ Հայաստան։
«Մենք ստեղծել ենք մեր միավորման տեսլականը»,–համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Կարապետյանը։
Նա շեշտեց, որ հասարակության տարբեր շերտերի հետ շփման արդյունքում կրկին գալիս են այն եզրահանգման, որ ներկա իշխանություններին այլընտրանք կարող է լինել միայն իրենց ստեղծած քաղաքական ուժը։
«Դա իրականություն է, որը բոլորն էլ տեսնում են, ով էլ ցանկություն չունի տեսնելու, անգամ նրանք են արձանագրում, որ փոփոխությունը գալու է Սամվել Կարապետյանի ուժով»,–ասաց Կարապետյանը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։
Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Մարտի 30–ին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։