ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հետ կապված որոշում դեռևս չունի: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Առաջին հայացքից հեշտ բան է՝ մասնակցելը կամ չմասնակցելը, սակայն երբ էության մեջ ենք մտնում, ապա երկվություն կա՝ պայքարել մի քանի մանդատների համա՞ր, թե՞ նվազագույնի հասցնել մեր ընդդիմադիր պայքարը՝ հնարավորություն ստեղծելով այն ուժերի համար, ովքեր հավակնում են հաղթել»,– ասաց Սարգսյանը:
ՀՀ 3–րդ նախագահի խոսքով՝ քաղաքական ուժերն իրեն մոտեցել ու բանակցել են ընտրությունների հետ կապված, սակայն թե որ ուժերի մասին է խոսքը՝ չմանրամասնեց: Նա համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե իր և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմերի միջև պայքարը թեժացել է:
«Ես ուղղակի կարծում եմ, որ ջրերը զուլալվում են, մենք այստեղ որևէ խնդիր չունենք: Բոլոր քաղաքական ուժերը, որոնք կփորձեն մեր հաշվին «աչոկ» հավաքել՝ իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ակնհայտ է, որ նրանց ասվելու է ճշմարտությունը: Եթե նրանք փորձում են ուրիշին մի բան վերագրել, ապա բոլորը կլսեն ճշմարտությունը. որևէ կոմպլեքս չունենք»,– շարունակեց Սարգսյանը:
Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանը վստահեցրեց՝ իրենց տվյալներով` ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին անցողիկ շեմը կարող է հաղթահարել, սակայն մինչև ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելը որոշակի հանգամանքների ճշգրտման կարիք կա:
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար, ինչպես նաև «Հայկական քվե» կուսակցությունը։