Բախում չլինելու համար Հովհաննավանք ուխտագնացությունը չեղարկվեց. Տեր Վրթանեսը պարզաբանեց

Հաջորդ միասնական աղոթքը կկայանա Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Այսօր միասնական աղոթք հնչեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Աղոթքը կրկին նվիրված էր կալանավորված հոգևորականներին, ինչպես նաև Հայաստանի բանտերում պահվող մյուս քաղբանտարկյալներին և Ադրբեջանում պահվող հայ գերիներին։
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը նշեց, որ Հովհաննես Մկրտչի ծննդյան և ապօրինի կալանավորված Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ սրբազանի անվանակոչության օրվա կապակցությամբ նախատեսված ուխտերթը` Կարպիից Հովհաննավանք, անվտանգության առումներով են չեղարկել։ «Հովհաննավանքը գերության մեջ պահող այդ ամբոխի և ոստիկանության հետ բախում չլինելու պատճառով այսօրվա ուխտագնացությունը չիրականացավ»,–ասաց նա։
Նա հիշեցրեց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հայաստան է բերել Հովհաննես Մկրտիչի մասունքները, որոնց վրա կառուցվել են Մշո Սուրբ Կարապետի վանքը, Արցախում գտնվող Գանձասարի վանքը, Ոսկեվազի Սուրբ Հովհաննեսը, Օհանավանի Սուրբ Հովհաննավանքը և այլ եկեղեցիներ։
«Այսօր նաև թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անվանակոչության օրն է։ Նա, կալանավայրում լինելով, անդադար մեզ համար աղոթք է անում, և մենք էլ շատ ենք զգում իր ֆիզիկական ներկայության պակասը։ Եվ այսօր հավաքվածներս աղոթում ենք կալանավայրերում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, նաև տնային կալանքում եղող Տեր Գարեգինի և Նաիրա Ալավերդյանի համար»,–ասաց տեր Վրթանեսը։
Հիշեցրեց, որ այսօր ցավալի իրավիճակում ենք` Մշո Սուրբ Կարապետը կիսաավերված վիճակում է։ Արցախի մեր Գանձասարի վանքը ադրբեջանական գերության մեջ է։ «Ցավոք սրտի, նրանց կողքին նաև ունենք այսօր գերության մեջ գտնվող Օհանավանի Հովհաննավանք եկեղեցին, որտեղ վերջին շրջանում օրինական պատարագներ չեն մատուցվել։ Այսօր էլ կանոնական օծյալ քահանայի կողմից պատարագ չի մատուցվել։ Մեր աղոթքն է առ Աստված, որ մի օր և՛ Մշո Սուրբ Կարապետում, և՛ Գանձասարի Սուրբ Հովհաննես եկեղեցում, և՛ ինչու չէ նաև Հովհաննսվանքում մենք Հովհաննես Մկրտչի տոներին մասնակցենք Սուրբ պատարագի»,–ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Հավելենք, որ հաջորդ հինգշաբթի միասնական աղոթքը կկայանա Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը։ Սակայն կարգալույծ լինելուց հետա Ստեփան Ասատրյանը մինչ օրս չի լքել վանքը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։