Արսենը պաշտոն չի ուզում, եղբորորդու ճակատագիրն է ուզում իմանալ․ բողոքի ակցիա Երևանում

Ակցիայի մասնակիցները հույս ունեն, որ Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կփոխվի և նա տուն կվերադառնա, քանի որ կալանքն ուղիղ սպառնալիք է նրա կյանքի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն հոկտեմբերի 7-ից կալանավորված Արսեն Ղուկասյանի (44-օրյա պատերազմում զոհված Արմեն Ղուկասյանի եղբայրն է և անհետ կորած համարվող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը– խմբ․)։
Արսեն Ղուկասյան
Ակցիայի մասնակիցներից Սերգո Գալստյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորեղբայրը, նշեց՝ իրենց ակցիան խաղաղ է, նպատակն է բարձրաձայնել Արսեն Ղուկասյանի ապօրինի կալանավորման և առողջական ծանր վիճակի մասին։
«Եթե մի մարդ ուզում է գնալ դատի և իմանում է՝ Մասիս Մելքոնյանն է դատավորը, կարող է էլ չգնալ դատավարությանը, իմանալ, որ կալանք է արձանագրվելու։ Ով դեմ է ներկայիս պարտված իշխանությանը, այդպես է լինում․․․ Մի դավաճան չեն բերել, հրապարակավ չեն դատել ու այսօր դատում են էն մարդկանց, ովքեր 2020թ․-ից եղել են Արցախում, որոնողափրկարարական աշխատանքներին են մասնակցել, մասունքները հատ առ հատ սրբորեն ուղարկել են Հայաստան․․․ Ու ԴՆԹ-ները պղծած ներկայիս իշխանությունները․․․»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գալստյանը։
Շեշտեց՝ Արսեն Ղուկասյանի պայքարը պաշտոնի համար չէ, նա ընդամենն ուզում է եղբոր որդու ճակատագիրն իմանալ։
«Ես գնում եմ Եռաբլուր, մեղքի զգացումով խնկարկում եմ եղբորս որդուն, հիմա Արսենը ո՞նց կարող է գնալ Եռաբլուր, խնկարկել եղբորը, եթե այսքան պայքարից հետո չի կարողանում եղբոր որդու մասին փոքրիկ լուր թեկուզ իմանալ»,- նշեց Գալստյանը։
Կկվի օրն եմ ընկել, էդ մի էրեխես է մնացել․ Արսեն Ղուկասյանի մայրը դատախազության մոտ է
Ղուկասյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ իր վստահորդի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում, որովհետև ուղիղ ցուցում կա, որ նրան պետք է անմիջապես հետազոտի նեղ մասնագետը, սակայն արդեն հինգերորդ օրն է լրանում՝ այդ ցուցումը չի կատարվում։
«Մշտապես ունի գլխապտույտներ, գլխացավեր, զարկերակային բարձր ճնշում․ միշտ ունի հևոցներ, ունի նաև կալանքի պայմանների հետ պայմանավորված այլ դժվարություններ՝ սկսած հենաշարժողական խնդիրներից։ Այս ամեն ինչը մտահոգվելու տեղ է տալիս։ Արսեն Ղուկասյանը պինդ, ուժեղ մարդ է, չի ցանկանում, որ ուշադրությունը սևեռվի իր առողջության վրա, բայց ես ամեն անգամ Ղուկասյանի էպիկրիզները բժիշկներին ներկայացնելիս այդ զարմանքն եմ ունենում, թե ոնց է այս մարդն այս ցուցանիշներով շարունակում ոտքի վրա մնալ»,- ասաց Սողոյանը։
Հոկտեմբերի 6-ին հայտնել էինք, որ ձերբակալել են անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսին` Ապիջան Սարգսյանին և Արսեն Ղուկասյանին, հետո հայտնի դարձավ, որ Ապիջան Սարգսյանին ազատ են արձակել, իսկ Արսեն Ղուկասյանին` ոչ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29–ին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկի ժամանակ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։
Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել է։