ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Հայերն այսօր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսության դիմաց ակցիա են իրականացրել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու և Հայաստանում ապօրինի կալանավորվածների։
Նրանք հորդորել են ամբողջ աշխարհի հայերին լուռ չմնալ, քանզի պահն արդեն օրհասական է։ Ելույթներում ակցիայի մասնակիցները նշել են, որ եկեղեցու ինքնիշխանության ու կրոնական ազատության պաշտպանությունը առաջնահերթ խնդիր է բոլորի համար։
«Հայաստանի գործող իշխանությունը փորձում է անել այն, ինչ դարերով փորձել են անել մեր թշնամիները, սակայն չեն հաջողել։ Վերջին օրերի հարձակումներն ուղղված են ոչ միայն հայ առաքելական եկեղեցու, այլ նաև մեր պետականության հիմքերի ու ազգային արժեքների դեմ։ Սա պատերազմ է մեր ազգային ինքնության և սրբությունների դեմ»,– նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հավաքվածները վերահաստատել են աջակցությունը Հայ առաքելական եկեղեցուն և պահանջել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, բարերար Սավել Կարապետյանի ու անօրինական անազատության մեջ պահվող մյուս անձանց ազատ արձակում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Հունիսի 24-ին էլ Փաշինյանը տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին 2 ամսով կալանավորվեց։
Ինչ վերաբերում է գործարար Սամվել Կարապետյանին, ապա նրա տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։