ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման անդամներն ու աջակիցները ՀՀ դատախազության շենքի մոտ են եկել երկու պահանջով։ Նրանք հանդիպում են պահանջում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։
Բողոքի ակցիա ՀՀ դատախազության շենքի մոտ
© Sputnik / Aram Nersesyan
«Այսօր 2 գործ ունենք հանձնելու դատախազությանը` միևնույն ժամանակ հասկանալով, որ մեր երկրում որևէ ինստիտուտ չի ծառայում պետությանը, այլ ծառայում է քաղաքական իշխանությանը, այլապես մինչ այսօր հանցագործությունների շղթան գնահատական կստանար նաև իրավական դաշտում»,– հայտարարեց նա։
Բագրատ սրբազան
© Sputnik / Aram Nersesyan
Շարժման մասնակիցները նախ պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտմանը հանցակցելու համար։
«Պետք է գործընթաց սկսել Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ ցեղասպան Ադրբեջանի ղեկավարի և նրան հանցակից դարձած ՀՀ վարչապետի հանդեպ»,– ընդգծեց սրբազանը։
Շարժման անդամները պահանջում են նաև քրեական գործ հարուցել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի` ՀՀ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավական։
Բագրատ սրբազանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության երաշխավորը լինելու պարտավորություն էր ստանձնել, սակայն որևէ քայլ այդ ուղղությամբ չի արել։
«Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենակիցների իրավունքները, որոնք գտնվում են Բաքվի բանտերում։ Մենք պահանջում ենք նրանց ազատել ու վերադարձնել Հայաստան»,– հայտարարեց նա։
Բագրատ սրբազանը 20 րոպե ժամանակ տվեց, որպեսզի Վարդապետյանը ներքև իջնի ու պարզաբանումներ տա
«Եթե չարձագանքեն, մեր գործողություններն այստեղ կշարունակենք»,–ասաց նա։
Սրբազանը նաև չբացառեց, որ եթե առաջարկ լինի, շարժման ներկայացուցիչներ կբարձրանան վերև` քննարկման, բայց ԶԼՄ–ների ներկայությամբ։
Նշենք, որ ՀՀ դատախազության շենքի մոտ այս պահին ոստիկանական մեծաթիվ աշխատակիցներ են հավաքված։
Հիշեցնենք` Բագրատ սրբազանն ապրիլից ակտիվ գործունեություն էր իրականացնում Տավուշի մարզում, ապա Երևանում ու ՀՀ տարբեր մարզերում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հավաքների ակտիվությունը նվազեց ԱԺ–ի շենքի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումներից հետո։