ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում գործող գործարանները պատրաստ են խաղողի անսահմանափակ քանակ մթերել։ Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, 3 ընկերությունների ղեկավարներն այդ մասին հայտնել են գերատեսչության ղեկավար Գևորգ Պապոյանին, որն այսօր այցելել է Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով:
Նախարարն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի, «Իջևանի գինու գործարան» ՍՊԸ-ի և «ՄԱՊ» ՓԲԸ-ի մթերման կետեր։
«Ընկերությունների ղեկավարները նախարարին վստահեցրել են, որ գյուղացիները խաղողի իրացման խնդիր չեն ունենա, քանի որ գործարանները պատրաստ են մթերել խաղողի անսահմանափակ քանակ»,– ասված է հաղորդագրությունում։
Խաղողի մթերման գինը տատանվում է 130-160 դրամ տեխնիկական սորտերի համար, իսկ ավելի բարձրակարգ սորտերի համար՝ մինչև 350 դրամ և ավելի։