ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի և Հնդկաստանի միջև ամուր հիմք է ստեղծվել ռազմավարական երկխոսության ձևավորման համար։ Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին ասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդա Մոդիին ուղղված շնորհավորական ուղերձում։
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հնդկաստանի Հանրապետության համապետական խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ձեր գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքի կարևորագույն հաղթանակի կապակցությամբ: Պատմական այս ընտրությունները վերստին հաստատեցին հնդիկ ժողովրդի հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին՝ ամրապնդելով ու ապահովելով բարեկամ Հնդկաստանի շարունակական դինամիկ զարգացումն ու նվաճումները ամենատարբեր ոլորտներում»,– նշել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ վերջին տարիներին հաջողվել է երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները հասցնել որակապես նոր մակարդակի` ամուր հիմք ստեղծելով ռազմավարական երկխոսության ձևավորման համար։
«Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է գործադրելու բոլոր ջանքերը՝ այդ երկխոսությունն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ»,– գրել է ՀՀ վարչապետը։
Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում առիթ կունենա հանդիպելու և քննարկելու Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգի առաջմղման տեսլականը։
Հիշեցնենք, որ Հայաստանը վերջին 2 տարում միլիոնավոր դոլարների պաշտպանական պայմանագրեր է կնքել Հնդկաստանի հետ։Համաձայնագրերի շրջանակում մատակարարվել կամ նախատեսվում է մատակարարվել հաուբիցներ, ՀԿՌՀ համակարգեր, զինամթերք և այլն: