ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը մի քանի օր շուտ է ընդհատվել` ելնելով կենտրոնի կառավարման նպատակահարմարությունից։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Նրա հետ կնքվել է ժամանակավոր պաշտոնակատարի ժամկետային պայմանագիր, որը մի քանի օր ավելի շուտ է ընդհատվել` ելնելով կենտրոնի կառավարման նպատակահարմարությունից։ Ավելին ասելու կարիք չեմ տեսնում»,– ասաց Ավանեսյանը։
Նախարարը հերքեց այն լուրերը, թե Բագրատ սրբազանին բարևելու հանգամանքը խթանել է այդ գործընթացը։
Հիշեցնենք` Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից, ինչից հետո ի աջակցություն Դանիելյանի աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաև Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը` հայտարարելով, որ իր ուսուցչի (Դանիելյանի) հրամանը քաղաքական պատճառներ ունի. Թամամյանը վստահ է, որ Սամվել Դանիելյանին աշխատանքից ազատել են Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միանալու և սրբազանի հետ ողջագուրվելու համար։