Սարսափելի լուրեր ենք իմանում. ՀՀ ԱԳ նախարարը ցավակցել է Իրանի ժողովրդին

Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել մայիսի 19-ին, երբ Էբրահիմ Ռայիսին վերադառնում էր Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Twitter–ում ցավակցական գրառում է արել Իրանում տեղի ունեցած ողբերգության առիթով։
Հայտնել ենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Ուղղաթիռում եղել են նաև Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմատին, Թավրիզի իմամ Թավրիզի իմամ Մոհամմադ ալի ալ Հաշեմը և ևս 5 մարդ (ներառյալ անձնակազմը): Բոլորը զոհվել են։
«Իրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին։ Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում կառավարությանը, Իրանի գործընկերներին և բարեկամ ժողովրդին: Կիսելով ձեր վիշտը ՝ մենք ձեզ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում»,–ասվում է Միրզոյանի գրառման մեջ։
Հիշեցնենք` Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել մայիսի 19-ին, երբ Էբրահիմ Ռայիսին և նրան ուղեկցողները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից (մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը):
Իրանի նախագահի լիազորությունները, համաձայն Իրանի Սահմանադրության, 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։ Հետո երկրում կանցկացվեն նոր ընտրություններ։