Ռազմական ոստիկանությունը զենքի ապօրինի վաճառքի դեպք է բացահայտել. ձերբակալվածներ կան

Զենք գնած և վաճառած տղամարդիկ ձերբակալվել են Գյումրիից Երևան մեկնելու ճանապարհին։
Sputnik
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զենքի ապօրինի վաճառքի դեպք է բացահայտել, երկու քաղաքացի է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը։
«Ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Թ.-ն, հրազեն գնելու նպատակով նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, 2024 թվականի մայիսի 15-ին Գյումրի քաղաքում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ։ Գումարը նրան փոխանցելու համար Գյումրիից Երևան մեկնելու ճանապարհին Ս.Թ.-ն և Մ.Ս.-ն ՌՈ ծառայողների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել են»,– ասված է հաղորդագրությունում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Ս.Թ.-ի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են երեք հատ ПМ, մեկ հատ ТТ, մեկ հատ CZ P-07 մոդելի ատրճանակներ, մեկ հատ Pulsar մոդելի գիշերային տեսանելիության սարք և ընդհանուր 201 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ։