Կարծում եմ՝ երեկ բավական բարդ և կոշտ խոսակցություն է եղել, և ավելի շատ խոսել է Պուտինը․Հակոբյան

Sputnik
Մոսկվայում երեկ կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը տևել է ավելի քան մեկ ժամ։
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ինչպես երկկողմ տնտեսական և անվտանգության, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։ Ըստ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Պուտինն ու Փաշինյանը հանդիպման ժամանակ համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից Ռուսաստանի զինվորականների և սահմանապահների դուրսբերման հարցը։
Պեսկովը հայտնել է, որ ռուսական սահմանապահները կշարունակեն ծառայությունը Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքի իր էջում ժամեր առաջ գրել էր, որ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում տեղակայված ռուսական սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից:
«Կարծում եմ՝ ՌԴ նախագահը ՀՀ ղեկավարին ուղիղ տեքստով է ասել, որ նպատակահարմար չեն գտնելու այն իրավիճակը, երբ երկիրը կարող է ՀԱՊԿ-ի կազմում չլինել, բայց ԵԱՏՄ-ում լինել, այսինքն՝ լինել մի այլ ռազմաքաղաքական անվտանգային համակարգի կոորդինատներում և միաժամանակ օգտվել մի այլ կոորդինատների տնտեսական բարիքներից»։