ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ ՀՀ–ում անցնցում իշխանափոխության մի քանի սցենար կա։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը այս հայտարարությունն արեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում` ներկայացնելով հնարավոր սցենարներից մի քանիսը։
Նրա խոսքով՝ ամենացանկալի տարբերակը կլիներ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տար ու հեռանար, բայց վստահ է՝ դա չի լինելու։
«Դա չլինող բան է, 5 հատ «Մարտի 1» կանի, բայց չի գնա»,- ասաց նա։
Երկրորդ տարբերակն իմպիչմենտն է, որ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնեն անվստահություն հայտնելու գործընթաց, և ժողովրդական ճնշման տակ նաև ՔՊ-ի շարքերում «առնետավազք» լինի։
«Եթե իմպիչմենտի տարբերակն էլ ինչ-ինչ պատճառով չաշխատի, պետք է երկու խմբակցությունները վայր դնեն մանդատները, ստեղծեն տոտալ քաղաքական ճգնաժամ և փողոցով ստիպեն արտահերթ ընտրություններ՝ առանց Նիկոլ Փաշինյանի մասնակցության»,- նշեց Սուրենյանցը։
Ըստ նրա՝ եթե այս երեք տարբերակներից որևէ մեկը չլինի, ապա Հայաստանին քաոս է սպառնում։
Խոսելով Փաշինյանի կողմնակիցների «բազմության» մասին՝ «Ռեալիստներ» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Պարոնյանը նշեց, որ Երևանում ավագանու ընտրությունները թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը հստակ ցույց տվեցին՝ եթե Փաշինյանն ընտրություններ չի կեղծում կամ չի դիմում ռեպրեսիաների, ապա չի կարող ընտրողների ձայների մեծամասնությունն ունենալ և հաղթել։
«Դրա մասին խոսում են ոչ միայն այդ ընտրությունների արդյունքները, այլև յուրաքանչյուր նորմալ կազմված սոցիոլոգիական հարցումները։ Այո, այսօր չկա մի ընդդիմադիր ուժ, որը ավելի շատ ռեյտինգ ունի միանձնյա, կան ՔՊ-ն, բայց «Քաղաքացիական պայմանագրի» ռեյտինգը շատ ցածր է»,- ասաց Պարոնյանը։
Ըստ նրա՝ դրա համար էլ իշխանություններն անընդհատ առաջ են մղում այն մանիպուլյատիվ թեզը, թե ինչքան էլ ընտրություններ լինեն, ՔՊ-ն է հաղթելու։ Պարոնյանը վստահ է՝ եթե արտահերթ ընտրությունների ժամանակ ձևավորվի ուժեղ ընդդիմություն, ապա Փաշինյանը շանս չունի իշխանություն պահելու։
Սուրենյանցն էլ հավելեց՝ այդ ընդդիմադիր ուժը պետք է կարողանա շատ ռեալիստական տեսլական տալ, ունենա հստակ օրակարգ ու ծրագիր՝ առանց «հուռա» հայրենասիրության։