ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Մայր աթոռն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կանգնած են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման կողքին։ Այս մասին Սրբազանը հայտարարեց հասնելով Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնք։
«Մայր Աթոռը միացած է մեզ միշտ։ Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում։ Հայոց հայրապետը ինքն է մեր հայրը, մեզ օրհնողը, մեզ առաջնորդողը»,– ասաց նա։
Երեկ սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով շարժվեցին դեպի Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք գիշերել են Հաղարծինում ու առավոտյան մասնակցել պատարագի։
Դիմելով իր շուրջ հավաքված մարդկանց, որոնք վանկարկում էին` սրբազան, սրբազան, Գալստանյան խնդրեց, որ դադարեցնեն վանկարկումները ու մեկ մարդու հետ չկապեն ոչ մի բան։
«Սխալվել ենք, դրա համար էլ այս օրն ենք ընկել։ Ժողովուրդ ջան, սրբազանն էլ եք դուք , հոգին էլ դուք, կյանքն էլ դուք, գիտակցությունն էլ եք դուք, ես ձեզ չեմ ասելու, որ ձեզ սիրում եմ կամ խոնարհվում եմ, ես ձեզ ասում եմ, որ դուք ամենա-ամենա-ամենան եք»,– ասաց նա։
Ի դեպ, երթի մասնակիցներին Գեղարքունիքում դիմավորեցին զուռնա-դհոլով։ Հավաքվածները քոչարի ու յարխուշտա պարեցին ու շարժվեցին դեպի Սևան քաղաք։
Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Երկու օր շարունակ Կիրանցի մուտքն արգելափակված էր, միայն գյուղի բնակիչներին էին թույլ տալիս ելումուտ անել, ընդ որում` անձնագրով։ Կիրանց չէին թողնում անգամ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և լրագրողներին։ Ոստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածում։
Կիրանց տանող ճանապարհը բացվեց մայիսի 3-ին։