ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Իրաքը երկար ժամանակ անց առաջին անգամ երկու ռազմաբազա է ստեղծել Թուրքիայի հետ սահմանին։ Տեղեկությունը հայտնում է թուրքական Hürriyet-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Իրաքը Պարսից ծոցի պատերազմից հետո առաջին անգամ երկու բազա է ստեղծել մեր սահմանի մոտ։ Այս որոշումը կայացվել է Թուրքիայի հետ համատեղ։ Այդ բազաներն ուղղված չեն Թուրքիայի դեմ։ Ընդհակառակը, դրանք բացվել են սեփական սահմանների պաշտպանության համար՝ Թուրքիայի նյութատեխնիկական աջակցությամբ» - նշվում է հրապարակման մեջ։
Պարբերականը նաև հայտնել է Իրաքի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ, արգելված է Թուրքիայում) դեմ Թուրքիայի ԶՈւ ռազմական գործողության մանրակրկիտ նախապատրաստման մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի ԶՈւ-ն ամռանը Իրաքում համալիր ցամաքային գործողություն կիրականացնի Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև հայտարարել է, որ Անկարան ձգտում է Սիրիայում «անվտանգության միջանցք» (30-40 կիլոմետր) ստեղծել։