ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈւ-ն սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Երեկ՝ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈւ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում»,– հայտնում է ՀՀ ՊՆ–ն։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է նաև, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը գնահատվում է կայուն։ Պաշտպանական գերատեսչությունը սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում:
Հավելենք, որ երեկ Արտաշատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար։ Նա ակնարկել էր Տավուշի գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակը։