Արցախի ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս հատել ՀՀ սահմանը. «Ժողովուրդ»

Արցախի ԱԺ պատգամավորները հերթով հրավիրվում են ՀՀ քննչական կոմիտե։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Արցախի պատգամավորներին թույլ չեն տալիս հատել ՀՀ սահմանը։ Այս մասին գրում է Ժողովուրդ» օրաթերթը
Ըստ թերթի` նման վիճակում է հայտնվել Արցախի ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը. նրան «Զվարթնոց» օդանավակայանից հետ են ուղարկել` արգելելով հատել ՀՀ սահմանը։
«Մեզ հասած լուրերի համաձայն՝ պատճառը կապված է կոնկրետ քրեական գործի հետ»,–գրում է թերթը:
Լրատվամիջոցն ավելի վաղ գրել է, որ Արցախի ԱԺ պատգամավորները հերթով հրավիրվում են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: Իրավապահներն Արցախի խորհրդարանականներին հարցնում են Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառների մասին՝ հետաքրքրվելով, թե ով կարող էր նրան ստիպել հրաժարական տալ։
Իշխանությունը փակեց աչքերը Արցախի վրա հարձակման մասով, հիմա մեղավոր է փնտրում. պատգամավոր
«Ինչպես մեզ փոխանցեցին, մինչ օրս հարցաքննվել են Արցախի իշխանական թևի պատգամավորները՝ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի «Ազատ հայրենիք – ՔԴՄ» խմբակցության պատգամավորները»,–գրում է «Ժողովուրդը»:
Այս տեղեկությունները թերթը փորձել է պարզել անձամբ Արցախի պատգամավոր Գեղամ Ստեփանյանից, սակայն զանգերը մնացել են անպատասխան:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: