ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնել 0.25 տոկոսային կետով։ Տեղեկությունը հրապարակվել է ԿԲ–ի կայքում։
«Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 8.5%, ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.0%»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ առևտրային բանկերը հարկ եղած դեպքում երբեմն իրենք էլ են ստիպված լինում վարկ վերցնել Կենտրոնական բանկից` որպես վերջին ատյանի վարկատու։ Ուստի վերաֆինանսավորման տոկոսադրույքը վարկի գինն է, այսինքն` այն տոկոսադրույքը, որով բանկերը վարկային միջոցներ են վերցնում կարգավորիչից։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նաև ԿԲ–ի հիմնական գործիքն է ֆինանսական շուկայի և ողջ տնտեսության կարգավորման գործում։ Այդ տոկոսադրույքի բարձրացման կամ նվազեցման միջոցով ԿԲ–ն ազդում է նաև գնաճի վրա։