Արա Բաբլոյանն ու Արսեն Բաբայանն արդարացվել են հանցակազմի բացակայության հիմքով. ԶԼՄ

Արա Բաբլոյան. Արխիվային լուսանկար
Արա Բաբլոյանն և Արսեն Բաբայանն արդարացվել են հանցակազմի բացակայության հիմքով77
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն արդարացվել են՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
Նշվում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, հրապարակել է արդարացման վճիռը՝ ճանաչելով և հռչակելով նրանց անմեղությունն առաջադրված մեղադրանքում։
Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի նկատմամբ հետապնդումներն իրականացվել են 2019թ․-ին։ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 314-րդ հոդվածի 1-ին մասերով (պաշտոնեական կեղծիքը), իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն հանցակից լինելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիքը) մասերով։
Ըստ քրեական գործի՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումն իրականում ներկայացվել է ոչ թե մարտի 2-ին, ինչպես նշված է փաստաթղթերում, այլ՝ մարտի 5-ին, ինչը, սակայն, իբրև խեղաթյուրվել է, ինչն էլ հիմք է դարձել Հրայր Թովմասյանի թեկնածությունը թափուր մնացած պաշտոնում հետագայում առաջադրելու, նրան ՍԴ նախագահ նշանակելու համար, որի հետևանքով էական վնաս է պատճառվել ՀՀ ՍԴ իրավունքներին և օրինական շահերին, ոտնահարվել են 2018 թվականի ապրիլի 9-ից հետո գործող օրենսդրությամբ ՍԴ անդամների՝ վեց տարի ժամկետով ՍԴ նախագահ ընտրելու և ընտրվելու իրավունքները, հեղինակազրկվել է դատական իշխանության տվյալ մարմինը:
Նախաքննության ընթացքում Արսեն Բաբայանը կալանավորվել է, ապա՝ ազատ արձակվել։
Ավելի քան երեք տարի տևած քննության արդյունքում դատարանը հունվարի 15-ին հրապարակել է վճիռը։
Դատարանն արձանագրել է, որ ապացույցների բավարար համակցությամբ չի հիմնավորվում Արա Բաբլոյանի կողմից հանցանքի կատարման դիտավորությունը (սուբյեկտիվ կողմը)։ Անդրադառնալով Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքին՝ Դատարանն արձանագրում է, որ նախ արդեն իսկ Արա Բաբլոյանին այդ մասով առաջադրված մեղադրանքով հանցակազմի բացակայության պայմաններում չի կարող հաստատվել նաև Արա Բաբլոյանին օժանդակելու հանգամանքը։
Բացի դա, դատարանը նշել է, որ գործի նյութերում առկա չէ գեթ մեկ այնպիսի փաստական տվյալ, որը կարող է վերաբերել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի կիրառման վերաբերյալ Արսեն Բաբայանի առնչության մասին։