Զանգուի ձորով ոտ–ոտ հասեք Երևան. Փաշինյանը` շոու բիզնեսի ներկայացուցիչների մասին

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետին բարկացրել է այն, որ շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ չեն ցանկանում հարկ վճարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները պիտի վճարեն հարկերը, ու ոչ մի պատճառաբանություն այս հարցում չի ընդունվում։ ՀՀ կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ո՞նց կարող է այդպես լինի, որ չվճարեն։ Չվճարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության պետք է ենթարկվեն։ Ասում են` Լոս Անջելեսում գնացել, համերգ ենք տվել…Որտեղի՞ց եք բա մեկնել Լոս Անջելես, ի՞նչ ճանապարհով եք գնացել…Դե, ուրեմն ՀՀ–ում աշխատած ու հարկ վճարածների հաշվին կառուցված, դեպի օդանավակայան տանող ճանապարհից մի օգտվեք. կողքի մերձդաշտյան ճանապարհներով գնացեք. հնձեք այդ եղեգները ու այդպես գնացեք, հասեք օդանավակայան։ Այս ի՞նչ վերաբերմունք է ընդհանրապես։ Ասել, թե Ամերիկայում եմ տոմս վաճառել, ես ինչո՞ւ պետք է այստեղ վճարեմ, անընդունելի է։ Եթե այդպես է, ապա պիտի ասենք` սիրելի հայրենակիցներ, այս ճանապարհները ձեզ համար չեն, գնացեք, Երևան հասնելու այլ ճանապարհ գտեք` Զանգուի ձորով, բնությունը, բնաշխարհը վայելելով, ոտ–ոտ եկեք, հասեք Երևան։ Գրոտեսկ եմ անում, սակայն խորքում դա է բովանդակություն»,– ընդգծեց նա։
Շոու բիզնեսում շատ դժվար է իրական եկամուտները բացահայտելը. ՊԵԿ փոխնախագահ
Հիշեցնենք` 2018թ.-ի սեպտեմբերին ՊԵԿ–ը հայտարարել էր, որ Հայաստանում բավական բարձր վարձատրվող երգիչները տասնամյակներ շարունակ հարկային հայտարարագրեր չեն ներկայացրել, հարկեր չեն վճարել, ինչը օրենքի պահանջ է։ Օրենքը նախատեսում է, որ շոու բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվող երգիչները, երաժիշտները, հանդիսավարներն և այլ ներկայացուցիչներ պետք է պետական գրանցում ստանան, հաշվառվեն հարկային մարմնում, ինքնահայտարարագրեն սեփական եկամուտներն ու հարկեր վճարեն։
Հարկերը չվճարելու համար շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկի դեմ քրգործ է հարուցվել. ՊԵԿ