ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ուկրաինան պատրաստվում է նոր հակահարձակման՝ հարավում և Սև ծովում։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Պաշտպանությունը թիվ մեկ խնդիրն է: Ուկրաինան կշարունակի իր հաջող պատմությունը նաև Սև ծովում։ Մենք կանենք դա։ Ես մանրամասներ չեմ հայտնի, բայց նրանք՝ ռուսները, անակնկալներ կունենան։ Իհարկե, մենք պատրաստվում ենք նոր հակահարձակման, նոր օպերացիայի»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով` Ռուսաստանի դեմ պաշտպանվելն արդեն մեծ խնդիր է և մարտահրավեր, քանի որ երկու երկրների ուժերը հավասար չեն։ Զելենսկին ընդգծել է, որ արդեն այսօր Ուկրաինայի զինված ուժերի որոշ բրիգադներում մինչև 40% անհամապատասխանություն է նկատվում։
Ուկրաինան նախորդ անգամ հակահարձակումը սկսել էր 2023 թվականի ամռան սկզբին, սակայն նոյեմբերին Զելենսկին արդեն հայտարարել էր, որ մեծ հաջողություններ չեն գրանցել։
Ուկրաինայի նախագահին հարցրել են, թե ինչ է նա անելու, եթե ԱՄՆ–ն լրացուցիչ ֆինանսավորում չտրամադրի։
«Վերջին ամիսներին ես հաճախ եմ լսում նմանատիպ հարցեր։ Կգոյատևե՞նք։ Իհարկե, բայց ոչ բոլորս։ Եթե աշխարհը պատրաստ է դրան, կտեսնեք դա։ Դա ողբերգություն կլինի բոլորիս համար, ոչ միայն Ուկրաինայի, ոչ միայն ուկրաինացիների, այլև ամբողջ Եվրոպայի համար»,– ընդգծել է Զելենսկին` միաժամանակ նշելով, որ հնարավոր է նաև «զուգահեռ ուղիներ» գտնել։
Բայց Ուկրաինայի ղեկավարը հրաժարվել է որևէ «պլան Բ» քննարկել, եթե Վաշինգտոնից օգնություն չտրամադրվի։ Նա այդ օգնությունը վճռորոշ է համարել։