Փաշինյանն ու Տոմատը ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող հարցեր են քննարկել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին
Հանդիպմանը ընդգծվել է Հայաստան-ԵՄ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատը ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Փաշինյանը ողջունել է Տոմատի այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը: Նա նշել է, որ առաքելության արդյունավետ գործունեությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը: Զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ դիտորդական առաքելության արդյունքներին, վերջինիս հետագա գործունեությանը վերաբերող հարցերի»,– ասված է հաղորդագրությունում:
Երկուստեք ընդգծվել է Հայաստան-ԵՄ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը:
Հիշեցնենք` 2023 թ. փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը: ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի:
Ֆրանսիայի դեսպանը ԵՄ դիտորդների հետ այցելել է սահմանամերձ Նորաբակ գյուղ